Tag Archives: պարալիմպիկ

Հաշմանդամային Սպորտային Կազմակերպությունների Ցանց Հայաստանում

2 Июл

2009թ. hունիսի 29-30 «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունն ու «Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան» Ծաղկաձոր քաղաքի  Գլխավոր մարզահամալիրում անցկացրեցին եռօրյա սեմինար-հանդիպում «Հաշմանդամային սպորտի մասսայականացումն ու զարգացումը» թեմայով։ Սեմինարին ներկա էին Հայաստանի տարբեր շրջաններում գործող հասարակական կազմակերպությունների, սպորտային ակումբների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Սեմինարը նպատակ ուներ էլ ավելի բարձրացնել ՀՀ տարածքում գործող հասարակական կազմակերպությունների իրազեկվածությունը հաշմանդամային սպորտի ոլորտում և ստեղծել սերտ համագործակցություն  նրանց միջև: Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը տեղեկացրեց, որ ֆեդերացիան անդամակցում է «CPISRA» միջազգային ասոցիացիային և մեկ առ մեկ ներկայացրեց բոլոր պարալիմպիկ սպորտաձևերն ու  ՀՀ-ում դրանց զարգացման հեռնկարները: Հաշմանդամ մարզիկների սպորտային դասակարգման մասին ամփոփ տեղեկություններ տվեց  Արաբկիր բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը:Մասնակիցները  ներկայացրեցին իրենց կազմակերպերպությունների սպորտային փորձը:

Քննարկվեցին հաշմանդամային սպորտի զարգացմանը խոչնդոտող  խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: Քննարկմանը ներկա ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշե Դավթյանը ծանոթանալով հիմախնդիրներին, լսելով  քննարկման ժամանակ բարձրացված հարցերը խոստացավ հնարավորինս աջակցել ֆեդերացիային` ուսունամարզական հավաքներ ու մրցաշարեր անցկացնելիս: Նա ասաց, որ  նախարարին կզեկուցի իրավիճակը և իր պարտքը համարեց առաջիկայում նախարարությունում քննարկում կազմակերպել  հաշմանդամային սպորտային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Սեմինարի հաջորդ փուլում մասնակիցները առաջարկներ արեցին, որոնք վերաբերվում էին ֆեդերացիայի կառավարմանը, կառուցվածքին, գործառույթներին ու կապերին` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Սեմինարը թերի կլիներ, եթե մասնակիցներն իրենց ազատ ժամանակը չանցկացնեին մարզադաշտում: Սեմինարի ավարտին  ՀՍՀԱՖ-ի և հաշմանդամների հիմնախնդիրների լուծմամբ շահագրգիռ ՀԿ-ների միջև կնքվեցին  համագործակցության հուշագրեր: